Պարույր Սևակ

Բեռան ներքո

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

Օտար սիրո այբուբենը

Ձմեռային նվազ արեգակը կրկին
Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
Վաղո՜ւց չմաքըրված իմ սենյակում:

Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
Եվ իմ արցունքները դրանցից են գուցե…

Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:

Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
Արձակելով բարակ գոլ գոլորշի:
Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
Ձյան կույտեր են երբեմն այնպես փռվում գետին,
Ասես հարբա՜ծ լինեն՝
Արեգակի՛ց հարբած…

Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
Խուճուճ հանգույցները փողոցների:

Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռում՝
Կեղծ-դասական մի հողմ հավակջ՜ց է ճառում,
Խոսում սրբությունի՜ց,
Հավերժական սիրու՜ց:

Իսկ ես… իսկ ես, կարծես երազի մեջ,
Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
Ես – փորձե՜լ եմ արդեն – չե՛մ գոհանա.
Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:

Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ…

Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ցնցում,
Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
Էլեկտրական ուրույն հոսանքի պես:

Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:

Լարի վրա թառած ագռավը սև
Հանկարծ – ինձ տեսնելո՞ւց – ճչում է խռպաձայն,
Դեմքս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
Ու խենթ նայելով ինձ՝
Շունն էլ է գռմռում,
Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:

Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
Որ և պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:

Եթե խավարում է՝ թող իր լրի՜վ լինի
Եվ ո՛չ թե մասնակի:
Թող մթընդի այնպե՜ս,
Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
Ամեն մեկը՝ մի կին,
Ամեն մեկը՝ աղջիկ,
Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:

Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՛վ…

Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր սիրո…


Արգելանոց

Երկու նռնակ՝ կրծքիդ վրա…
Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
Անտառի մեջ՝
Փասիանների ներկայությամբ
Կամ սենյակում՝
Վարագույրի վկայությամբ…

Ու երկու աչք՝ հոնքերիդ տակ
Պատերազմի երկու հրձի՜գ…
Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
Որ վաղուց է զգում կարիք
Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի…

Ու երկու ոտք՝ նազանքիդ տակ,
Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
Կտրատում է թելն ըղձանքիս,
Ինչպես լույսի էլեկտրական լարն են հանում,
Եվ խավարը անհուսության
Ինձ է ներսից շրջապատում…

Եվ զույգ ականջ՝
Ցորենագույն գանգուր մսե
Սևամազի գանգուրիդ տակ անթափանցիկ…
Եվ զո՜ւր մի կանչ.
Դու չե՛ս լսում,
Որովհետև…մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
Որովհետև մինչև անգամ…ծանո՜թ չեմ քեզ…

Ու թերևս դու կի՛ն էլ չես,
Այլ գուցե իմ…արգելանո՜ց,
Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
Ուր փասիաններն են զբաղվում հրձիգությա՜մբ,
Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ…

Արգելանո՜ց…արգելանո՜ց:
Ես հասկացա՛,
Բայց…ոտքե՜րըս չեն հասկանում
Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
Բնա՜վ կամքըդ չհարցնելով՝
Հետևում են դեռևըս քեզ
Եվ չափում ա՛յն,
Ինչ կոչվում է «անմատչելի»,
Ու ձգվում է
Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
Մի անսահմա՜ն տարածություն,
Որ թերևըս հաղթահարվեր,
Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն…այսքա՜ն օրինապահ:


Ավելորդ անհավատություն

Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով…

Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:

Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:

Ես կանչում եմ նրան քո անունով
Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:

Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:

Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…

Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:


Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…


Ամպոտ եղանակ

Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն՝
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն՝ սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս՝ շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է.
Դրսում ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՜յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշրտուքը անօգ ծառերի՝
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման՝
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր՝
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխ եմ հանում ես՝ լոտոսի պես
Մինչև կզակըս արդեն ջրասույզ՝
Չեմ խեղդվում դարձյալ:
իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում՝
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը՝ արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ՝
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն,
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված՝
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին՝
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի:


Ծառերի օգնությամբ

Չէ՛, շա՜տ եղավ,
Էլ շա՜տ եղավ այս թթվադեմ փնթփնթոցը…

Ծառերն անգամ
Ունեն իրենց բարությունը՝ զով ստվերը,
Որ անվճար մեզ են հանձնում,
Որպեսզի մենք նստենք նրանց բարության մեջ
Ու…չարանա՞նք՝
Եթե անգամ ոչ խեղճ հողի,
Ապա նրա թեկուզ և վատ տիրո՞ջ վրա…

Բայց ծառերը նաև կանաչ պաքներ են.
Որ մեզ անխոս հրավիրում
Ու խնդրում են նայել…վե՜րև:

Կույրե՞րն են միշտ քայլում ՝ դեմքը վերև տնկած:
Իսկ մշտապես ցած նայողը կույր չէ՞ արդյոք…

Եկեք մենք էլ վերև նայենք՝
Ոչ թե կույրի, այլ ծառի՛ պես,
Որպեսզի մեզ երբեմն զգանք
Քիչ ավելի մոտիկ օդին, քան թե հողին…

Իսկ շատ չեղա՞վ մեր այս տտիպ քմծիծաղը
Սրա՛-նրա՛.
Ամե՛ն ինչի,
Կյանքի՜ վրա:
Բավակա՛ն է.
Եկեք ժպտա՛նք,
Եվ ոչ թե մեր շուրթերով ու աչքերով,
Այլ ո՜ղջ մարմնով՝ այնպե՛ս, ինչպես
Ամբողջ մարմնով է կատարվում ամեն մի պար:
Թե չէ անվերջ փնթփնթալով կյանքի վրա՝
Արդեն կյանքն ենք վիրավորում շատ ավելի,
Քան կյանքն է մեզ վիրավորել:

Թող ծառերը գրկախառնվեն
Իրենք իրենց բարության հետ՝
Զով ստվերի,
Ու քիչ քնեն,
Որ… չլսե՜ն մեր քացախած քրթմնջոցը,
Իսկ մենք
Նրանց մատնանշիչ պայքարներին հետևելով՝
Նայենք վերև՜,
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ իշխում է ոչ թե հողի տիրո՛ջ վրա,
Այլ հենց նաև հո՛ղի վրա, նաև հողի՜:
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ չի անցնում լոկ մարդկային շնչափողով
Այլև փողով արդարությա՜ն՝
Շեփորելով և՛ արյունող կարեկցանքի,
Ե՛վ արյունոտ հաղթանակի
Ե՛վ ծանրագին ուրախության
Բեթհովենյան երգը հուժկու…
Ու եթե դեռ ոմանք պիտի կրկին գրկեն
Ծանոթ թառը
Եվ օրորեն իբրև մանկան, որ… լաց լինի,
Ապա ինքըս
Ձե՜զ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել,
Ի՜նձ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել
Եվ օրորե՛լ,
Եվ օրորե՛լ,
Որ այսուհետ…չթնգթնգաք,
Որ այսուհետ…չթնգթնգամ…


Փրկարար բովանդակություն

Մեզ բաժանող ձիգ ժամերը
Ես կարող եմ արդեն հաշվել
Կարճ համրանքով քո մատների,
Որ ես պիտի բռնեմ շուտով
Ու փնջելով սեղմած պահեմ՝
Էլեկտրական լարի նման:
Չվախենա՜ս իմ ցնցումից.
Էլեկտրական այդ հոսանքից ո՛չ թե մեռնում,
Այլ հարություն կրկին առնում,
Հոգեդարձվում-վերապրում են…

Իսկ դու գուցե բնավ էլ ինձ չես սպասում
Կամ սպասել-սպասում ես , որ լոկ ասես.
«Ես հասկացա, որ այլևըս մենք չպիտի…»:
Եվ ակամա ինձ դնում եմ ա՛յն դերի մեջ,
Որ իմը չէ,
Սակայն պիտի ճարահատյալ հիմա խաղամ
Դատարկ բեմում…

Բայց ես,
Ում դու գուցե մտքով անվանում ես ՆԱԽԿԻՆ սիրած,
Զգում եմ պարզ, թե ինչպես է փակվում լեզուս,
Որովհետև… մարդը մարդ է հենց այնքանով,
Որ մշտապես ելք է ճարում չընկճվելու
Եվ չի ուզում կոչվել ՆԱԽԿԻՆ
(Հասկանո՞ւմ ես.
ՆԱԽԿԻՆ էլ մա՞րդ, տե՜ր իմ աստված)…
Ու փակվում է ,փակվում լեզուս
Դռան նման ՆԱԽԿԻՆ մի տան,
Որտեղ հիմա բնակվում են
Ա՛յն հինավուրց ոգիները,
Որոնց անգո գոյությունը զուր ենք ժխտում
Եվ դրանով
Է՛լ ավելի աղքատացնում մեր կյանքն աղքատ,
Եվ դրանով, օտարացնում ինքներըս մեզ…

Ու փակվում է ՆԱԽԿԻՆ լեզուս՝
Քո ԱՅՍՕՐՎԱ սրտի նման,
Որտեղ , գիտե՜մ, բանտարկված է իմ ստվերը՝
Իբրև ծանըր մի հանցագործ.
Նա փորձել է քո սրտի մեջ անմահանալ,
Իսկ դա, իրո՛ք, հավասար է մահափորձի,
Որովհետև…նորությունն է հավատքը մեր:

Դու մի՛ փորձիր արդարանալ,
Հարկավոր չէ՜:
Բայց երբ կանգնի
Ամեն անգամ վերջալույսը քո հանդիման,
Ու երբ կանգնի ՝ քրմուհո՛ւ պես,
Հիշի՛ր,որ դու չե՜ս վերջանում,
Որ դու պիտի վերսկսվես թկուզ վա՛ղը:
Բայց և հիշի՛ր , որ սկսվել՝
Բնավ էլ չի նշանակում փոխել հավատ,
Ինչպես նաև ուրացծում չե մոռացումը:
Ուստի և մեր անջատումն էլ վերջնական չէ,
Այլ անցողիկ
Մե՜կ էլ տեսար, դարե՛ր հետո,
Մենք վերստին հանդիպեցինք՝
Այս լճակի
Կամ այն առվի ափին կանաչ,
Ուր ծառերը պիտի պտկեն,
Պիտի կրկին կապեն կոճակ,
Ուր գորտերը ,մեզ հետ մեկտեղ,
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝
Ըստ աստղային այբուբենի:
Կրկին գարնան հոտը քնկոտ
Պիտի պառկի քո ռունգերում
Եվ արթնացնի արյունը քո՝
Ամբողջությունըդ հպելով
Իմ արթնացած ամբողջության
Եվ վերստին արծարծելով անծուխ հրդեհ:
Ամենակուլ այդ հրդեհից մենք չենք այրվի՝
Ազբեստի պես,
Այլ արևից ստացածը կդարձընենք կրկին իրեն՝
Մեր հինավուրց ու նորոգվող պարտքի դիմաց…

Իսկ առայժըմ
Ես հաշվում եմ մեզ բաժանող կարճ ժամերը
Ձեռքերիդ ա՛յն տասը մատով,
Որ ես պիտի  բռնեմ շուտով
Ու փնջելով սեղմած պահեմ՝
Էլկտրական լարի նման:
Չվախենա՜ս իմ ցնցումից,
Եթե անգամ էլեկտրական այդ հոսանքը մահացու է,
Էլեկտրահար մարդուն, գիտե՜ս, հողում թաղում
Եվ դրանով հարություն են տալիս կրկին՝
Չորս ժա՞մ հետո-չորս դա՞ր հետո,-
Մեկ չէ՞ միթե…


Բարեխոս եղիր իմ և իմ միջև

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:

Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:
Օգնի՜ր ինձ , Մարիա՛մ,
Եվ ասեմ ՝ ինչո՜վ.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղց, և՛ պապակ փափագ:

Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձրել.
Կորցըրո՛ւ այդ ձուն:

Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քուջութը ՝կաթնահունց հացին:
Ճանճը քուջո՛ւթ չէ.
Հացըս չի՜ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև-.
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձըրու:

Ասում են, իբըր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցըրու…


Ծաղրածուն

Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել…

Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ
Կամ կուլ տամ դաշույն
Ու կլածիս տեղ
Բերնիցս հանեմ թաշկինակ կամ ծիտ,
Ինչպես անում են
Շատ սովորական ձեռնածուները:
Եվ գլխիս վրա չպիտի դնեմ
Մի հսկայական երկաթե գերան
Ու կախ տամ վրա
Ճութ-ճութ կիսամերկ կանայք սիրունիկ,
Ինչպես անում են, գիտե՛ք, կրկեսում:

Եվ ո՛չ էլ պիտի ես արջ պար ածեմ
Մի զույգ շնիկի հաչոց-նվագով…

Կարող եմ նաև դդումից սարքել
Արև՝ թե կուզեք , թե կուզեք՝ գլուխ
Սատուռնից սարքել լայնեզր գլխարկ
Եվ տեղն ու տեղն էլ նվիրել սիրով
Ծխախոտագործ մի ընկերուհու
Իսկ գլխարկից էլ կարդինալ սարքել
Կամ մարշալ
Եվ կամ…
Ախար, բարեկա՛մ,
Ախար ինձ համար ո՛չ մի բան չարժի
Փայտին տալ , ասենք, ուղեղի ծալքեր,
Ուղեղից հավի համեղ կուտ սարքել,
Կուտից՝ կերակուր հասարակական…

Հույս ունեմ, որ դուք
Ինձ հավատացիք,
Ուստի թույլ տվեք՝ շարունակելով՝
Ձե՛զ հավատացնել-ի՛նձ վհատեցնել,
Որ ճշմարտություն իսկույն ասելը
Դարձել է մի բան՝ այնքա՜ն հասարակ,
Որքան …Ներեցե՛ք…որքան միզելը:
Ուստի ասե՜մ ձեզ բարեկամների՛ս,
Որ այսուևետ բացառված հաշվեք
Հիվանդությունը երիկամների՝
Կա՞պ կոչվի, թե՞ մապ,
Քա՞ր կոչվի, թե՞ մար,
Մեկ չէ՞ ձեզ համար…
Ուստի ո՞նց չասեմ բարեկամներիս,
Որ այսուևետ պետք չէ սուտ ծախել,
Այլ, ինչպես ինքըս, մջքիս պոչ կախել
Ու քշե՜լ կծող ճանճերին բոլոր՝
Դրանք կոչվեն մի՞տք, մտատանջությո՞ւն,
Թե՞ հոգետագնապ,-
Մի՞թե նույնը չէ…

Եվ ես,
Վերջապե՛ս,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս
Ձե՛զ վհատեցնում-ի՛նձ հավատացնեմ,
Որ ահա այսպե՛ս,
Ճի՛շտ ու ճի՛շտ այսպես
Ա՛յն դեղին ցուլը,
Որ ուզում էի աշնանը գնլ,
Կերավ ա՛յն կանաչ բանջարեղենը,
Որ ուզում էի գարնանը ցանել:
Ի՜նչ չտեսություն,
Ի՜նչ չտեսություն…

Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ քո պինչ,
Քո պինչն էլ՝ իմ պոչ
Եվ…ցտեսությո՜ւն…


Խաղալիք սարքողը

01apr08

Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» – կամ «Ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
Ու չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ՝
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ.«Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ.«Չասե՛ս»:
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
Ու երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝
Այլևըս չասել չեմ կարողանա
Ու կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք, կդառնամ:

…Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ տաք կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի.«Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնող հարցի
Ես կասեմ. «Ողջո՜ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ և
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագըրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել անունը նրա,
Ինքըս ինձ դարձյալ ասում եմ. «Չասե՛ս»,
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք ասում էր.
«Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»:
Ես ունեմ նաև ճիշտ կաղապարը և այդ աղջկա:
Տա՜ք կաղապարը:
Ու խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:

Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի… անցած մի կյա՜նք»…

Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:

Եվ ամեն անգամ,
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հա՛րց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»,
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
Ու…հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ – անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքեր վրա
Ուսուցանում է կետադրություն
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
Ուրեմըն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ…վճռված է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր՝
Ուր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա
Կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,-կասի,-
Ընդամե՜նն արժի մի …անցած մի կյա՜նք»…

…Ու պիտի որ ես, ինքնե՛րդ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ արևտըրով:
Եվ այնքա՜ն պիտի հարստանամ,
Որ…համերգի տոմս առնեմ ու…
…գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով,
Իսկ թե այդ պահին
Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ:
Մի՞թե նույնը չէ – ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»…

Ու տուն գալիս,
Եթե ինձ հանկարծ մեկն ասի. «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ. «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:

Եվ կխռնըվեն իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցընել նրանց,
Ում իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՜վ կամ ի՛նչ լինելը:
Ձեռքերըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ , ի՛նքս էլ կասեմ. «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկրկընի՛
Հնավաճառի ելևէջում.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»…

 

ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եվ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
____վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ…կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…

ԱՆՈՒՂՂԵԼԻՆ

Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:

Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:

Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:

Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:

Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…

 

Պե՛տք չէ, սիրելի՜ս…

Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…

 

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

 

ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:

Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –

Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…