ՀԷԿ-երը՝ Մարցագետում ճգնաժամի պատճառ

Մարցի բնակիչները դեմ են նույն գետի վրա երրորդ ՀԷԿ-ի կառուցմանը (տեսանյութ)

Մարց գետը հոսում է Լոռու մարզում: Դեբեդի աջ վտակն է: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջերից: Երկարությունը 29կմ է, ջրահավաք ավազանը` 252 Քկմ: Թումանյան քաղաքի մոտ միախառնվում է Դեբեդին: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` այս գետի վրա կառուցված է՝ «Մարցիգետ ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2818,0, 2962,0 մետր: Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 5780 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 20%-ը: Մարց գետի վրա «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը լինելու է 4750.0 մետր: Եթե ՓՀԷԿ-ը կառուցվի, ապա Մարց գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 10530 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 36.5%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա կնշանակի ճգնաժամային իրավիճակ գետի համար:
Գյուղում մի քանի ակտվիստների հաջողվեց կազմակերպել ստորագրահավաք: Հէկ-ի կառուցմանը դեմ ստորագրեց մոտավորապես 350 չափահասներից 270-ից ավել բնակիչ: Նույն գետի վրա կառուցված արդեն երկու ՓՀԷԿ-ի կործանարար հետևանքներն ակնառու են:

Նոր կառուցվող ՓՀԷԿ-ի սեփականատերը Լիպարիտ Սիմոնյանն է, ով նաև «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիրն է: Այս ընկերությունը շահագործում է արդեն երեք հէկ, որոնք ունեն բազմաթիվ ծրագրային և իրավական խախտումներ, և արդեն կործանարար հետևանքներ գետերի վրա:

Բացի բնապահպանական խնդիրներից, որոնք թույլ չեն տալիս գետի վրա կառուցել թվով երրորդ հէկ-ը, այն նաև հանգստյան գոտի է գյուղացիների համար:

Հատկանշական է նաև այն փաստը, որ հէկ են ցանկանում կառուցել Թումանյանի ծննդավայրում: «Այստեղ մեծ բանաստեղծը ցանկացել է գրողների համար հանգստյան տուն կառուցել, քանի որ կան կատարյալ պայմաններ ստեղծագործելու համար»,- նշում է Համահայակական Բնապահպանական Ճակատի անդամ Հասմիկ Էվոյանը:

Նյութի աղբյուրը՝ EKOLUR, ՀԵՏՔ